Չինաստանը համարում է, որ կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական տեղակալ Մեթյու Փոթրինջերի տեսությունը, որ SARS-COV-2-ը տարածվել է Ուհան քաղաքի լաբորատորիայից, սուտ է եւ զրպարտանք: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորին հայտնի է Ուհան քաղաքի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի մասին տեսությունը, որ վիրուսը նաեւ ստեղծվել է հենց լաբորատորիայում: Սակայն բոլոր համաշխարհային գիտնականներն ու փորձագետներն այդ ոլորտում, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, քննադատության են ենթարկել դա: Ամերիկյան ԶԼՄ-ները նաեւ այցելել են Ուհանի վարակաբանության ինստիտուտ, որտեղ նրանք մասնագիտական տեսանկյունից հայտնել են իրական պատկերը»,-հայտարարել է դիվանագետը:
«Պարոն Փոթինջերը, լինելով Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյա, շարունակում է կրկնել այդ սուտն ու զրպարտանքը: Ես հուսով եմ, որ ամերիկյան կողմը կպարզաբանի՝ ինչ էր ենթադրում այդ հայտարարությունը՝ անձնական կարծիք, թե ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում»,-նշել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել էր, որ նոր կորոնավիրուսը կարող է տարածվել Ուհանի վարակաբանության ինստիտուտից ոչ կոմպետենտ անձնակազմի պատճառով: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինն այդ ժամանակ հայտարարել էր, որ Ուհան քաղաքի կենսաբանական լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին Սպիտակ տան ղեկավարի ենթադրությունները հակազդում են իրականությանը: