• Ուր. Ապր 16th, 2021

Liteinfo.am

Ձեր սուր աչքը համացանցում

Ինչ է իրականում սպասվում Մոսկվայում հունվարի 11-ին

Հնվ 10, 2021

ԶԼՄ-ները տեղեկացրել են հունվարի 11-ին Մոսկվայում սպասվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման մասին, որի ժամանակ պետք է կնքվի ինչ որ պայմանագիր: Ասվում է, որ այն արդեն Հայաստանի արդարադատության նախարարությունում է, սակայն ԱՆ-ն հերքել է, որ որեւէ պայմանագիր է ստացել:

Եռակողմ հանդիպման պաշտոնական հաստատումներ դեռեւս չկան, սակայն Հայաստանի գործող վարչապետն արդեն «ինքնամեկուսացվել» է, ինչպես ասել է նրա խոսնակը: Պուտինը տեւական ժամանակ գտնվում է բունկերում, եւ Կրեմլի «արարողակարգի» համաձայն՝ նրա հետ հանդիպումից առաջ տվյալ անձը պետք է անցնի խիստ կարանտին եւ ստուգվի Կրեմլի բժիշկների կողմից: Հետաքրքիր է՝ Ալիեւը նո՞ւյնպես «ինքնամեկուսացվել» է:

Ի՞նչ պայմանագիր է նախատեսված ստորագրել Մոսկվայում: Հնարավոր է՝ եռակողմ հայտարարությունը հստակեցնող եւ ամրագրող պայմանագիր, նկատի ունենալով, որ Պուտինն ու Ալիեւը հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտություն այլեւս չկա, եւ հայտարարությունը խնդրի կարգավորումն է: Միեւնույն ժամանակ, հնարավոր պայմանագիրն առնչվելու է ավելի լայն իրողությունների:

Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են, ինչը կապված է ԱՄՆ-ում իշխանության փոփոխության գործընթացի հանգուցալուծման եւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների նախաձեռնությունների հնարավոր աշխուժացման հետ, որոնք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բարձրաձայնել են նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո: Ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների կապակցությամբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեղադրանքներ ու հարցեր են դրել Մոսկվայի առջեւ՝ կապված Արցախի կարգավիճակի, բնակչության տեղահանության եւ դեօկուպացիայի հետ:

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Մոսկվան ու Բաքուն փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը կամ առնվազն սահմանափակել նրա ազդեցության դաշտը: Մոսկվայում պայմանագրի հնարավոր ստորագրումն ուղղված է նաեւ այդ խնդրի լուծմանը, որով փորձ է արվում «լեգիտիմացնել» պատերազմով պարտադրված այդ հայտարարությունը:

Հայաստանի դեմ ռուսական քարոզչության սաստկացման հերթական փուլը վկայում է, որ Հայաստանին պարտադրվելու են նոր որոշումներ: Միեւնույն ժամանակ, հակահայ քարոզչությունը մի հետաքրքիր «առավելություն» ունի՝ այն մատնում է Ռուսաստանի ծրագրերը Հայաստանի հարցում, որքան էլ փորձ է արվում շեղել սլաքները:

Մոսկվան ու Բաքուն հիմա կախված են Երեւանի ստորագրությունից. գործող վարչապետը կամ կվավերացնի Հայաստանի դեմ հանցագործ ծրագրերն իր պաշտոնը պահելու տարտամ հույսով, կամ կընտրի Հայաստանի շահը:

Աղբյուր՝ Lragir.am